• Գլխավոր
  • Մեր մասին
    • Հիմնադիր անդամներ
    • Կանոնադրություն
    • Դիմում
  • Նպատակներ
  • Ծրագրեր
    • Միջազգային հարաբերությունների ուսանողական խորհուրդ
      • «Հայացք Հայաստանից» Մրցույթ
    • Քաղաքացիական դիվանագիտություն
    • Արաբերեն լեզվի դասընթացներ
  • Նորություններ
    • Հայտարարություններ
Armenian
  • Russian
  • English
Exoriente
  • Գլխավոր
  • Կանոնադրություն

Մարտի 11, 2024

«Ex Oriente» Հայաստանի Արևելագետների Միության Խորհուրդի հայտարարությունը

 

    Հայաստանի շուրջ վերջին զարգացումները՝ տարածաշրջանում շարունակվող անկայունության և լայնածավալ միջազգային հակամարտությունների համատեքստում, խորացրել են մեր երկրի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար առկա սպառնալիքները։

    Մեր խորին համոզմամբ՝ Հայաստանին անհրաժեշտ է հավասարակշռված, գրագետ հաշվարկված և ռացիոնալ արտաքին քաղաքականություն, որտեղ առաջնային կլինեն Հայաստանի, այլ ոչ թե այլ պետությունների ազգային շահերը։ Գերտերությունների միջև շարունակվող միջազգային հակամարտության մեջ Հայաստանին ներքաշելը հանգեցնելու է անդառնալի հետևանքների:

    Միջպետական հարաբերությունների զարգացումը նոր գործընկերների հետ չպետք է իրականացվի պատմականորեն ձևավորված և իրավականորեն ձևակերպված դաշնակցային հարաբերությունների հաշվին։ Հայաստանի իշխանությունները պետք է գործեն Հայաստանի ու այլ երկրների շահերի համադրման եղանակով, և ոչ մի պարագայում չգայթակղվեն այդ շահերի հակադրման շնորհիվ ենթադրյալ դիվիդենտներ քաղելու հեռանկարով։ Միջպետական հարաբերությունների վերաբերյալ անորոշ ու առճակատման տրամաբանությամբ արվող հայտարարությունները ոչնչով չեն նպաստելու Հայաստանի անվտանգային միջավայրի ամրապնդմանը, այլ միայն լրացուցիչ ռիսկեր և վտանգներ են առաջացնելու։ Հայկական դիվանագիտությունը պետք է ամրապնդի գոյություն ունեցող դաշինքները և հաստատի նոր գործընկերային հարաբերություններ, ոչ թե ձեռք բերի հերթական հակառակորդներ: 

    Աշխարհն օրեցօր սրվող գլոբալ հակամարտության մեջ է, որը աննախադեպ լարվածություն է ստեղծում միջազգային հարաբերությունների համակարգում։ Մեր տարածաշրջանը ևս դարձել է հակասական շահերի բախման խաչմերուկ: Այս ծայրահեղ վտանգավոր իրավիճակում, միայն իրատեսական արտաքին քաղաքականությունը և պետականամետ որոշումները թույլ կտան պաշտպանել հայ ժողովրդի կենսական շահերն ու անվտանգությունը։ Մենք պատասխանատու ենք ապագա սերունդների առջև Հայոց պետականության պահպանման համար։



Էքս Օրիենտե

Հայաստանի արևելագետների միություն 

Հետադարձ կապ
exoriente.armenia@gmail.com